Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թամարա Գվերդցիթելին հայաստանյան բեմում

Թամարա Գվերդցիթելին հայաստանյան բեմում
13.04.2018 | 00:44

Երևանյան երաժշտասերները (և ոչ միայն) վայելեցին բարձրակարգ վոկալի ու նրբաճաշակության համադրությամբ իր հանդիսատեսին մշտապես հիացնող՝ Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Թամարա Գվերդցիթելիի համերգը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Համերգի նախաձեռնողը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամն էր՝ Մարիամ Շահինյանի նախագահությամբ, աջակիցներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Ամիրյանի, ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, «Միաբան» հիմնադրամի հիմնադիր Ռոմեն Կոզմոյանը:
Համերգի ընթացքում երգչուհուն նվագակցում և ձայնակցում էին Պաստա Անդրիաձեն, Իրակլի Մենտեշաշվիլին, Լևան Դեիսաձեն, Գեորգի Մալագիշվիլին, Դավիթ Ջափարիձեն, «Ռուսթավի» տրիոն:


Ինչպես և կարելի է սպասել յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետից և անհատականությունից, համերգի ծրագրում զգալի տեղ էր հատկացված ազգային երաժշտությանն ու հարազատ քաղաք Թբիլիսիին ձոնված երգեգրին:
Սակայն ստեղծագործական լայն հետաքրքրություններ և կարողություններ ունեցող երգչուհին չէր կարող սահմանափակվել միայն ազգային տիրույթներում: Հնչեցին նաև ֆրանսիական, ռուսական, հայկական երգեր:
Հայաստանի, Երևանի նկատմամբ ջերմ խոսքերի պակաս չկար համերգի ողջ ընթացքում, իսկ Առնո Բաբաջանյանի, Միշել Լեգրանի, Բուլատ Օկուջավայի ստեղծագործությունները և հանրահայտ «Ով սիրուն, սիրունի» հայերեն կատարումն առանձնահատուկ ջերմություն հաղորդեց երեկոյին: Հայկական գործոնի առկայությունը ներառել էր նաև կինոյի աշխարհը. Թամարա Գվերդիցիթելին խորին ակնածանքով ու սիրով հիշատակեց Սերգեյ Փարաջանովին և Մհեր Մկրտչյանին՝ կատարելով առաջինին նվիրված իր ստեծագործությունը և երկրորդին խորհրդանշող երգը «Միմինո» ֆիլմից:


Յուրաքանչյուրս հաճույքի իր բաժին բարձրակետն ունեցավ համերգի ընթացքում, կարծում եմ: Ինձ համար այն երգչուհու «Виват король» երգի կատարումն էր: Բանն այն է, որ մի հավերժություն առաջ ես ինձ համար Թամարա Գվերդցիթելիին բացահայտել եմ հենց այդ երգով: Ուշ գիշերով դիտում էի ռուսական հեռուստատեսության հայտնի «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը, որը ոչ միայն սնում ու հարստացնում էր մեր ինտելեկտը, այլև երաժշտական ճաշակը, որովհետև հաղորդման ընթացքում լինում էին երաժշտական դադարներ և դրանք լցվում էին բարձրակարգ կատարումներով: Այդպիսի մի դադարի ժամանակ էլ ես առաջին անգամ լսեցի Գվերդցիթելիի «Виват»-ն ու հիացա նրա շքեղ վոլակով և արտաքինով: Հիմա՝ շատ տարիներ անց, չնայած հագեցած ու բազմաբնույթ համերգային ծրագրին՝ ինձ դարձյալ մեծագույն հրճվանք պատճառեց հենց այդ երգի կատարումը:


Երեկոյին ներկա էին մեծ թվով վրացիներ, որոնց մշակութային վայելքին գումարվում էր, իհարկե, ազգային հպարտության զգացումը: Ողջ դահլիճն էր ալիքվում բուռն ծափահարությունների և բռավոների տարափից, բայց այդուամենայնիվ հայրենակիցները մի առանձնակի ոգևորություն էին հաղորդում երգչուհուն ուղղված սիրո և հիացումի համապատկերին:
Թամարա Գվերդցիթելին երկար ու բուռն ծափահարությունների ներքո հեռացավ բեմից՝ վստահություն հայտնելով, որ մեզ իրարից ընդամենը բաժանելու է մի մեծ ընդմիջում, որին հաջորդելու է մեկ այլ ջերմ համերգային երեկո:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ